«Հաշմանդամ մարդու օրագիրը». շարքը ներկայացնում է Արման Մուշեղյանը

06-11-2013

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանին ESem.amանդրադառնալու առիթներ ունեցել է: Օրերս նա ֆեյսբուքյան իր էջում սկսել է նոթագրություններ անել` ներկայացնելով հաշմանդամություն ունեցող մարդու օրը, առօրյան ու կենսակերպը:

Տեղեկացնենք, որ առաջիկայում Արմանը կներկայացնի նաև «Հաշմանդամի օրագիրը» շարքի վիդեո տարբերակը, իսկ մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ Արմանի` մինչ այժմ հրապարակած նոթագրություններին:

 

 

Նոյեմբերի 4, երկուշաբթի

Կարող է տարօրինակ հնչել, բայց ասեմ իմանաք, որ ինչպես ոչ հաշմանդամ մարդկանց մեծամասնության մոտ է, այնպես էլ հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ է՝ օրը սկսվում է առավոտով:
Ողղակի հաշմանդամություն ունեցող անձանց մոտ առավոտյան գործողությունները այդքան հեշտ չեն, ինչպես ոչ հաշմանդամ մարդկանց մոտ:
Օրինակ իմ դեպքում շատ գործողություններ արվում է ձեռքերով: Սկսած մահճակալում նստելուց, ոտքերս իջացնելուց, սայլակին տեղափոխվելուց և շատ այլ գործողություններ: Չնայած մինչև մահճակալից սայլակին տեղափոխվելը որոշ վարժություններ և շարժումներ եմ անում, որպեսզի թուլացնեմ ոտքերիս մկաններում կուտակված տոնուսը, որը շատ անգամ խանգարում է տեղաշարժվելուն: Եղել են դեպքեր, երբ մկանային բարձր տոնուսը բերել է մկանային անկառավարելի կծկումների և արդյունքում ընկել եմ մահճակալից կամ սայլակից:
Արդյունքում ստացվում է, որ որևիցե գործողություն անելու համար հաշմանդամություն ունեցող մարդուն մի քանի անգամ ավել ժամանակ է պահանջվում քան ոչ հաշմանդամ մարդուն:
Նախաճաշը մեր տանը պարտադիր է: Ես հիմնականում գերկուլես (վարսակի փաթիլներ) եմ ուտում: Դավոն ու Անին էլ են երբեմն միանում ինձ: Նախաճաշելուց հետո դուրս ենք գալիս և ուղևորվում Անիենց հայրական տուն՝ 3 մաս: Դավիթին թողնում ենք տատիկի մոտ, իսկ մենք էլ, յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով, գնում  ենք մեր գործերով:

Այսօր օրս սկսել եմ բանկեր այցելելով: Քանի որ գործեր ունեի Աբովյան քաղաքում, Աբովյանի բանկերն էլ այցելեցի: Եղել եմ ՎՏԲ, ԱԲԲ և ԱՇԻԲ բանկերում: Առաջին երկուսը ահավոր անմատչելի են, չնայած որ շենքերն նոր են կառուցվել, վերջին 1-2 տարում, իսկ վերջինի շենքը շատ վաղուց է, բայց համեմատաբար մատչելի: Հաշվի առնելով այս անմատչելիությունը եղբորս վերցրեցի ինձ հետ, որպեսզի օգնի ինձ: Իհարկե, շատ քիչ է լինում, որ անձամբ մտնում եմ բանկ, հիմնականում խնդրում ենք, որ իրենք դուրս գան, որպեսզի փասթաթղթերը ստորագրեմ: 
Բանկերում գործերը վերջացնելուց հետո գնացել եմ Աբովյանի քաղաքապետարան, որտեղ ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարել:
Դե Աբովյանի քաղաքապետարանի մատչելիության մասին խոսելն ավելնորդ է: Աբովյան քաղաքի անմատչելիությունը սկսվում և ավարտվում է քաղաքապետարանով:
Եթե չլինեն իմ հարազատները, ընկերները, ծանոթները և պատրաստակամ բարի մարդիկ, ապա ինձ համար շատ դժվար կլիներ խնդիրները հաղթահարել:
Գույքահարկը վճարելուց հետո եղբորս իջեցրել եմ գրասենյակ և եկել Երևան: Երևանում այցելել եմ ԱՇԻԲ կենտրոնական մասնաճյուղ, որտեղ նորից հեռախոսով եմ հարցերը լուծել. Խնդրել եմ իրենք դուրս գան և նոր եկել ԱԺ աշխատանքի:
Այն օրվանից, երբ ինձ թույլ տվեցին ավտոմեքենայով մտնել ԱԺ տարածք, աշխատասենյակ հասնելու գործս հեշտացել է: Մի քանի հեռախոսահամար ունեմ մոտս գրանցած: Հասնելուն պես զանգահարում եմ և խնդրում, որպեսզի օգնեն, իսկ եթե զբաղված են լինում, ապա միշտ հանդիպում է մեկը, ով կօգնի: Նույնն էլ ԱԺ-ից դուրս գալուց է լինում:
Դեռ ԱԺ-ում եմ: Հեսա դուրս եմ գալու, գնամ մի հանդիպման, որից հետո նորից 3 մաս, Անիին ու Դավիթիկին կվերցնեմ ու միասին կգնանք տուն:

 

 

 

Նոյեմբերի 5, երեքշաբթի 

Այսօր օրս սկսեց երեկվա պես, սակայն ավելի շուտ հասա ԱԺ: Մարդիկ, ովքեր սովորաբար օգնում են ինձ, սայլակս են բեռնախցիկից տալիս, կամ ԱԺ-ում չէին, կամ անհասանելի էին: Բայց դե դա խնդիր չէ, քանի որ ԱԺ բակում միշտ էլ մարդ կա և ես առաջին պատահածին խնդրեցի տալ սայլակը: Հիմնականում ճաշում եմ ԱԺ-ում, բայց ոչ բուֆետում, քանի որ բուֆետն էլ է անմատչելի, այլ իմ սենյակում: Զանգահարում եմ բուֆետի աշխատակցին, ով ասում է, թե ինչ ունեն և բերում է այն, ինչ պատվիրում եմ: Վերջին օրերը ԱԺ-ում նվիրված են 2014 թվի բյուջեի քննարկումներին, իսկ փորձագետները մեր խմբակցությունում այսօր ներկայացնում էին առաջարկները: Իմ առաջարկը նվիրված էր հաշմանդամային սպորտին տրամադրվող գումարի ավելացմանը: Տեսնենք ինչ կասի իշխող կուսակցության կառավարությունը: Ժամը 5-ին Պռոշյան փողոց գնացի, որտեղ հանդիպում ունեի, բայց քանի որ Հայաստանում բոլոր նորակառույցները ի սկզբանե օրենքի խախտումով են կառուցվում, ես չկարողացա բարձրանալ երկրորդ հարգում գտնվող գրասենյակ, ուստի մեր հանդիպումը կայացավ սրճարանում, չնայած սրճարան մտնելու համար էլ էր պետք հաղթահարել մի երկու աստիճան: Շատ անգամ հանդիպումներս անցնում են ավտոմեքենայումս, եթե մոտակայքում հարմար տեղ չի լինում, կամ էլ գրասենյակն էլ անմատչելի է լինում:
Պռոշյանի հանդիպումից հետո ավտոմեքենայիս բեռնախցիկը լավ չէին փակել և ստիպված եղա խնդրել Դեմիրճյան Պռոշյան խաչմերուկի կանգնած ՃՈ-ին փակել:
Դժվար է անցնում հաշմանդամություն ունեցող մարդու օրը: Կախվածությունը ուրիշներից շատ է և բազմապատկվում է շինությունների անմատչելիության պատճառով: Իհարկե ամեն անգամ դիմելը օտար մարդկանց հոգնեցնում է, բայց դե ինչ անեմ, ստիպված եմ, հակառակ դեպքում պետք է տանը նստեմ:
Շնորհակալ եմ Աստծուց, որ Դավոն կա մեր կյանքում և իր գոյությամբ օգնում է օրվա վերջում կուտակված բացասական լիցքերից ազատվել:
Իսկ թե օրս ինչպես է ավարտվում, կգրեմ ավելի ուշ:

 

 

 

Արման Մուշեղյանի ֆեյսբուքյան էջից


ESem.am







Դիտումներ` 6957

Սեղմեք Like և ստացեք վերջին նորությունները մեր ֆեյսբուքյան էջից