Շուշաննա Թովմասյան. իրականում արագախոս և չաչանակ :)

15-01-2013

Հասարակության ունեցած դրական կամ խիստ բացասական վերաբերմունքից անկախ` հեռուստասերիալներն ունեն մի կարևոր «հատկանիշ». բացահայտում են սկսնակ դերասանների, որոնք դառնում են հեռուստադիտողի սիրելին: Պատահական չէ, որ կան դերասաններ, որոնք հարյուր սերիալում էլ նկարահանվեն, աննկատ են մնում, հասարակության կողմից` անտարբեր, սակայն նույնը չես ասի Էլենին մարմնավորող Շուշաննա Թովմասյանի մասին:

 

Փաստեր Շուշաննայի մասին 

Ծնվել է 1992թ. նոյեմբերի 14-ին: Կարծում է` իրեն հաջողություն բերող թիվը հենց իր ծննդյան օրն է` 14-ը:

Ապրում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Մկրտիչ Արզումանյանի և Կամո Սեյրանյանի հարևանուհին է :)

Շատ է սիրում փափուկ խաղալիքներ, որոնք մեծ տեղ են զբաղեցնում իր սենյակում :)

Ռուսաստանում առաջին դասարանն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան` այստեղ կրթությունը ստիպված շարունակելով առաջին դասարանից. ռուսական դպրոց է հաճախել:

Փոքր տարիքում մասնակցել է գեղեցկության մի շարք մրցույթների. Ունի «Միսս հմայք»  և «Սուպեր ֆոտոմոդել»  մրցանակներ:

 

 

Ժամանակին շատ է սիրել «Կլոն» հեռուստասերիալը և ուշի ուշով հետևել է հեռուստանովելի զարգացմանը: Հեռոուստահաղորդումներից մեկի ժամանակ ասել է, որ այն նույիսկ 2 անգամ է դիտել :)

Վերջերս համացանցում հայտնվել է հոլովակ, որում Շուշաննան լողում է դելֆինների հետ: Պարզվում է` նա շատ է սիրում կենդանիների, հատկապես` դելֆինների:

Չի սիրում, երբ իրեն Շուշանիկ են ասում, քանի որ անունը Շուշաննա է: Հիմնականում հիշեցնում է, որ իրեն Շուշաննա դիմեն, թեև, երբ երկրպագուներն են նրան Շուշան ասում, ամաչում է նրանց դիտողություն անել:

Ընկերները նրան դիմում են Շուշո, Շուշոկ, «կակա», «կլուբնիկ», «պուճուր», «թիթեռ», տարբեր քաղցրավենիքների, կենդանիների և մրգերի անուններով :)

Տարբեր առիթներով Շուշաննան ասել է, որ շատ է սիրում իր մարմնավորած կերպարը` Էլենին, թեև ինքն ու Էլենը մի շարք տարբերություններ ունեն:

Գերադասում է ուտել մսով ուտեստներ:

 

20-ամյա դերասանուհու հայրը մահացել է, երբ նա դեռ 7 տարեկան էր: Մայրը մասնագիտությամբ իրավաբան է և աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում: Ունի ավագ եղբայր, ով բավականին խիստ է: Շուշաննայի ընկերները պատմում են, որ նրա ավագ եղբայրն այնքան էլ ոգևորված չի ընդունել քրոջ` դերասանուհի դառնալու փաստը:

 

 

Շուշաննայի ընկերները դժվար են համակերպվել, «սուսիկ-փուսիկ», մի քիչ դժբատ, հաճախ լաց լինող աղջկա կերպար մարմնավորելու հետ: Միշտ ակտիվ, աշխույժ, արագախոս և չաչանակ աղջկան նրանք չէին էլ պատկերացնում այդպիսի կերպարում և զարմացած էին` ինչպե՞ս է Շուշաննան կարողացել այդ աստիճան փոխել իր խոսելաոճը և դանդաղ ու ցածր խոսել: Իրականում նա այնքան արագ է խոսում, որ երբեմն բառերի վերջավորությունները չեն հասկացվում :) Շուշաննան շատ է խոսում նաև, երբ ցանկանում է հանգստանալ և ուժերը վերականգնել :) Երբեմն շրջապատին թվում է, թե նա նկարահանումներից հետո պետք է որ շատ հոգնած լինի, նույնիսկ խոսելու ցանկություն չունենա, բայց, ի զարմանս ընկերների, հակառակն է լինում:

Ընկերները հաճախ կատակներ են անում նաև դերասանուհու փոքր-մոքր լինելու հետ կապված. ասում են` վախենում են կպնել Շուշաննային, առավել ևս, որ նրա մաշկը շատ շուտ է կարմրում, կապտում` կատակելով, թե «գործ տվող» մաշկ ունի: Աղջիկը նման բաներից չի նեղվում, քանի որ շատ թեթև բնավորություն ունի:

 

 

Հայտնի դառնալուց հետո Շուշաննայի ընկերական շրջապատը համալրվել է, սակայն շատ չի փոխվել: Շոու բիզնեսից շատ ընկերներ չունի: Առհասարակ շատերի հետ ջերմ հարաբերություններ ունի, բայց մտերիմների շրջանակը շատ նեղ է: Բնույթով հանգիստ է, բայց խեղճ չէ, երբեմն, երբ համբերության բաժակը լցվի, կարող է նաև «խայթել» :)

Թեև դերասանուհին շատ է սիրում քայլել, բայց հայտնի դառնալուց հետո մարդաշատ վայրերում հաճախ չի լինում: Ընկերները պատմում են, որ նա բարդութավորվում է անընդհատ ուշադրության կենտրոնում լինելիս: Չնայած աշխուժությանը` բավականին ամաչկոտ է: Իսկ երբ առաջին անգամ նրանից ստորագրություն են խնդրել, մտածել է` ծաղրում են: Ժամանակի հետ նա հասկացել է, որ դա իր կերպարի սիրված լինելով է պայմանավորված և սկսել է նորմալ վերաբերվել, երբ իրենից ստորագրություններ են վերցնում: Մինչ հայտնի դառնալը` Շուշաննան երթուղայիններից է օգտվել, հիմա` տաքսիներից: Դերասանուհին մտածում է մեքենա գնելու մասին, սակայն դեռ կսպասի: Մի առիթով այդ թեմայով նա նույնիսկ կատակել է, որ վախենում է մեքենա ձեռք բերել և աստղայինն իրեն էլ տանի :)

 

 

Ի սկզբանե Շուշաննան երազել է հաղորդավարուհի դառնալու մասին (դեռահասության տարիներին սովորել է Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում), սակայն դերասանուհու մասնագիտությունից էլ  դժգոհ չէ: Ընկերները պատմում են, որ նա սիրով է նկարահանվում և այս ընթացքում հասկացել է, որ կյանքն իրեն ճիշտ ուղով է տարել:

Աղջկա ընտանիքում արվեստագետներ, դերասաններ չեն եղել: Դպրոցն ավարտելուց հետո Շուշաննան ընդունվել է մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին: Հեռուստասերիալում նկարահանվել սկսել է առաջին կուրսից: Նրա համակուրսեցիները պատմում են` ինչպես էր Շուշաննան ամեն օր դասերի սկսվելուց մոտ կես ժամ առաջ պարտաճանաչ լինում համալսարաունում, որովհետև նախընտրում էր ժամանակից շուտ դասի գնալ, քան նկատողություն ստանալ ուշացման համար: Պարտաճանաչության շնորհիվ նա նույնիսկ կուրսի ավագ էր նշանակվել, սակայն հեռուստասերիալում նկարահանվելուց հետո հրաժարվել է դրանից`  հաճախակի դարձած բացակայությունների պատճառով: Հենց բացակայությունների պատճառով նաև Շուշաննան որոշեց փոխել ուսումնական հաստատությունը: Այս տարի նա տեղափոխվել է թատերական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի հեռակա բաժին, որտեղ ուսումը շարունակում է 2-րդ կուրսից (մանկավարժականում նա արդեն 3-րդ կուրս կլիներ):

 

 

Դերասանուհին սովորել է նաև Աբել Աբելյանի դպրոց-ստուդիայում և հենց Աբելի խորհրդով է մասնակցել Էլենի կերպարը մարմնավորելու համար անցկացվող քասթինգին: Սերիալային դերասանուհին ընկերներին ասել է, որ հաճույքով կմարմնավորեր նաև բացասական կերպար, սակայն իրեն միշտ բարի, անմեղ դերեր են առաջարկում:

Վերջին շրջանում ընկերների հորդորով ակտիվացել է նաև Facebook սոցիալական ցանցում, քանի որ նրա անունից մի շարք կեղծ էջեր կան և երբեմն նաև սխալ տեղեկություններ են տարածում: Դերասանուհին ակտիվորեն հետևում է իր էջին և գուցե հատուկ հենց այդ նպատակով վերջերս «պլանշետ» է ձեռք բերել :)

 

 

Ի դեպ, ընկերուհիները պատմեցին, որ ժամանակակից տղաների մեջ Շուշաննան ամենաշատը չի սիրում նրանց երկար «չոլկաները»:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը







Դիտումներ` 21921

Սեղմեք Like և ստացեք վերջին նորությունները մեր ֆեյսբուքյան էջից