Անահիտ Մանուկյան. «Բեմը սխալներ չի ներում»

19-02-2013

 

Յուրաքանչյուր մարդ մանկուց երազում է որևէ մասնագիտության մասին: Ոմանց բախտը ժպտում է, և երազանքը կատարվում է, ոմանց` ոչ:  Անահիտ Մանուկյանը, մեծանալով երաժշտության մթնոլորտում, Աստծո կամքով դարձավ երգչուհի և երգերով ջերմացրեց բազում մարդկանց հոգիներն ու սրտերը:

«Արևածաղիկը»  հոկտեմբերյան մի արևոտ օր հյուրընկալվեց արևի պես ջերմ երգչուհուն` Անահիտ Մանուկյանին, որը հաճույքով է վերհիշում մինչև բեմ անցած ճանապարհը:

 

 

 

- Մեր տանը միշտ երգ-երաժշտություն է հնչել, քանի որ հայրս թառ էր նվագում: Երաժշտությունը ուղեկցել  է  ինձ, և դրա հանդեպ սերը, ի վերջո, իմ մեջ արթնացրեց երգչուհի դառնալու երազանքը: Չորս տարեկանից հայրիկիս հետ երգում էի և երբ գնացի դպրոց, սկսեցի հաճախել  դպրոցում գործող երգչախումբ: Ինձ անմիջապես նկատեցին, և ուր գնում էինք, ես ներկայացնում էի  իմ շնորհը, որը տրված էր ինձ ի վերուստ:

Դեպի պրոֆեսիոնալ բեմ տանող ճանապարհը սկսել եմ, երբ ստեղծվել է «Ազատ ժամանց» սրճարան-ակումբը, որտեղ իրենց երգարվեստն էին ներկայացնում Արթուր Գրիգորյանի հավաքագրած շնորհալի և տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիները, որոնց թվում էին Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արթուր Իսպիրյանը, Անահիտ Ջանիբեկյանը, Իրինա Մալխասյանը, Արաքս Մուշեղյանը և ես:

Առաջին երգը, որն ինձ հաջողություն բերեց, Արթուր Գրիգորյանի և Վահան Անդրեասյանի «Բամբասանք» երգն էր: Այն հոգեհարազատ էր մարդկանց, ինչի շնորհիվ ջերմությամբ ընդունվեց: Առաջին տեսահոլովակը նկարահանվեց 1989թ. օգոստոսին: Հետո սկսվեցին «Այո»  հեռուստաշոուները:  Այդ  մրցույթ-ծրագրի  շնորհիվ մարդիկ ծանոթացան իմ երգարվեստին:

«Այո»-ին հաջորդեցին տեսահոլովակների «7,7,7» մրցույթը և բազում հյուրախաղեր արտասահմանյան երկրներ: Առաջինը Փարիզում էր, ապա` ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Եգիպտոսում... 1996թ. Ալմաթիում մասնակցեցի միջազգային փառատոնի և դարձա մրցանակակիր:

2000թ.«Սայաթ-Նովա»  համահայկական փառատոնին արժանացա գլխավոր մրցանակի` հայրենասիրական երգերի անվանակարգում: 2002թ.-ին «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանն  արժանացա առաջին և երկրորոդ մրցանակներին: Ավարտել եմ նաև էստրադային, ջազային քոլեջը:

 

 

- Սովորել եք նաև թատերական ինստիտուտում, ինչո՞ւ  չշարունակեցիք  դերասանուհու աշխատանքը:

- Այո, ավարտեցի թատերականը, սակայն դերասանուհու իմ կարիերան չշարունակեցի, քանի որ իմ մեջ զորավորը երգն էր, որն էլ հաղթեց: Չնայած օժտված էի նաև դերասանական ունակությամբ, ինչի մասին  ինձ ժամանակին ասում էին Արմեն Մարությանը, Նիկոլայ Ծատուրյանը, բայց իմ կայնքն առանց երգարվեստի չեմ պատկերացնում:

- Կյանքում  և բեմում սկզբունքները նո՞ւյնն  են, թե՞ տարբեր:

- Ըստ իս` տարբեր են: Բեմն ազատություն է սիրում, բեմը չի ներում սխալները, սակայն և° բեմը, և´  կյանքը  դաստիարակում են: Այդ երկու չափազանց տարբեր երևույթները, ի վերջո, անհատ են ձևավորում ու դաստիարակում:

- Ի՞նչ  սկզբունքով եք առաջնորդվում:

- «Միշտ  լինել պատրաստ»: Ճիշտ է, պիոներների երդման նման  է հնչում, սակայն իրոք այդպես  է: Պետք  է պատրաստ լինել` անտեսելով ամեն դժվարություն: Եթե անպատրաստ ես, հանդիսատեսը  դա անմիջապես զգում է:

- Բեմ դուրս գալուց առաջ հուզմունքը շարունակո±ւմ է Ձեզ անհանգստացնել:

- Հուզմունքը երբեք չի դադարում ինձ անհանգստացնել: Երբ արվեստագետը կարողանում է հուզվել, վերապրել, դա շատ կարևոր է: Եթե արվեստագետը դադարի հուզվել, նա կկորցնի իրեն հատուկ հմայքը, և արվեստը կդառնա կենցաղի նման մի բան` սովորական, ինչի համար չեն  հուզվում: Երևի արվեստի ուժը հենց  դա է, որ այն քեզ հուզմունք է պատճառում: Այդ հուզմունք կոչվածի  մեջ  մեծ իմաստ, ուժ և էներգիա կա:

- Այսօրվա  հայ երգարվեստը  ի՞նչ մակարդակի է և զարգացման ի՞նչ միտումներ  ունի:

- Այն և´  ծաղկում է, և´  կանգնած է իր տեղում: Այսօր Հայաստանում երաժշտությունն անհատների միջոցով է ստեղծվում: Մարդիկ ձայնագրում են այնպիսի երգեր, որոնք շուկայի համար  շահութաբեր են. արվեստն այդպիսին չպիտի լինի: Չի կարելի ասել, որ արվեստը շահութաբեր չէ: Սակայն  այն, ի վերջո, արվեստ է և ոչ թե առևտուր: Շատ են երգում արաբական ռիթմերով երգեր: Շատ ցավալի է մեզ համար, որ օտար երաժշտությունը ներմուծվել է հայկական երաժշտության մեջ: Կարծում եմ` դա ժամանակավոր բնույթ է կրում, իսկական արվեստը միշտ  էլ  իր խոսքն ասել է: Պարզապես իսկական արվեստի մարդիկ քիչ են:

 

 

 

- Հայ երգիչն  ո՞ւնի  իր շուկան:

- Մենք ստեղծագործում  ենք Հայաստանում  և  այստեղի պայմանների պատճառով չենք կարողանում այն տարածել համաշխարհային շուկայում, քանի որ մենք այստեղ նույնիսկ շուկա  չունենք: Հայ երգարվեստը ներկայացնող երգիչներն այստեղ  շուկա չունեն, այստեղ շուկա  ունեն ռաբիսները: Նրանք  իրենց ձայներիզները դուրս են բերում շուկա, և այդպիսով ծաղկում է ցածրորակ ռաբիս երաժշտությունը, իսկ իսկական հայկական արվեստը դրանից տուժում  է:

Ռաբիսը պետք է մնա հարսանյաց սրահում, իսկ արվեստը` բեմում, և եթե այսօր մեկը մյուսի հետ հավասար քայլում են, ապա սա լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Արվեստը միշտ պետք է վեր լինի ամեն ինչից:

- Ինչպիսի՞ն պետք է լինի երգչուհին:

- Նա պետք է լինի անհատականություն, մարդու հետաքրքիր մի տեսակ: Երգչուհին պետք է միշտ աշխատի իր վրա, որպեսզի ստեղծի  նորը, ծնունդ  տա նոր երգի, հակառակ դեպքում` նրա փայլը կխամրի: Պետք է սիրով ու քրտնաջան աշխատես  քեզ  վրա`  նորից ծնվելու  և վերածնվելու  համար: Այն երգչուհին կարող է կայացած համարվել, ով միշտ ասելիք ունի իր հանդիսատեսին, երկրպագուներին, և ոչ թե նա, ով միշտ նույնն է կրկնում և, ի վերջո, սպառվում է, քանի որ այլևս ասելիք չունի:

- Երկրպագուների ու ձեր միջև կապը որքանո՞վ է կայացած:

- Ես սիրում եմ իմ երկրպագուներին: Երբ դառնում ես նրանց կյանքի մասնիկը, իրենք էլ քո կյանքի կարևոր մասնիկն են դառնում: Գոհարիկ անունով մի աղջիկ էր ինձ անընդհատ ու անդադար զանգում. հասկացա, որ նա ցանկանում էր մտնել իմ կյանք, իմանալ, թե ինչպես և ինչով է ապրում Անահիտ Մանուկյանը: Ես նրան հրավիրեցի մեր տուն, և Գոհարիկը, գալով մեր տուն, հասկացավ, որ մեր ընտանիքն էլ այնպիսին է, ինչպիսին մյուսներինը: Ես էլ, երբ փոքր էի, մտածում էի, թե երգիչները հատուկ մարդիկ են: Երբ մեծացա և ինքս դարձա երգչուհի, հասկացա, որ այդ հատուկը միայն այն շնորհն է, որ տրվում է Աստծուց, մնացած ամեն ինչն այնպիսին է, ինչպիսին մյուսների մոտ:

- Հաշվի  առնո՞ւմ  եք  երկրպագուների  կարծիքը:

- Այո, ինձ համար շատ կարևոր է, երկրպագուներիս կարծիքը, սակայն չեմ դառնում այդ կարծիքի զոհը, չեմ դառնում նրանց գերին, այլ մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ:

- Ճանաչումից  երբևէ  մեծամտացե՞լ  եք:

- Երբեք ճանաչված լինելն ինձ չի մեծամտացրել, գոռոզացրել: Սա իմ աշխատանքն է, ինչպես մյուսներն են կատարում իրենց աշխատանքը, այնպես էլ ես, պարզապես երգչի աշխատանքի բնույթն  այնպիսին է, որ քեզ ճանաչում  են  բոլորը: Իմ կարծիքով, միայն սին մարդիկ կարող են  ճանաչված լինելուց մեծամտանալ, իսկ ես այդպիսին  չեմ  ու  չեմ  կարողանում այդպիսի միջակություններին ընդունել:

- Ի՞նչն  եք  գնահատում  մարդկանց  մեջ:

- Անկեղծությունն եմ գնահատում, կեղծ մարդկանց չեմ սիրում: Չեմ հարգում «ես» չունեցողներին, քանի որ նրանք անհատականություն չեն և շատ  շուտ կարող են փոխել իրենց կերպարը: Անկեղծ մարդկանց շատ դժվարություններ են սպասվում, ես  էլ  վերջինների  թվում  եմ:

Անի  Քոչարյան

2002թ.

 

Հ.Գ. Սա  թերևս  երգչուհի  Անահիտ  Մանուկյանի վերջին հարցազրույցներից  է, որ նա տվել էր  մինչ Հայաստանը լքելը: Երգչուհին պարզապես որոշեց  լքել  մեր  երկիրն ու  խզել  բոլոր հնարավոր կապերը նրա հետ: Թեև արդեն 10 տարուց ավելի  է, ինչ Անահիտի նույնիսկ մոտ ընկերները տեղեկություն չունեն  երգչուհուց, այնուամենայնիվ,  չեն դադարում նրա անձի փնտրտուքները` լրատվամիջոցների, իսկ հետաքրքրության բավարարումը` Անահիտին հիշողների ու երկրպագուների կողմից: Մենք  էլ, հաշվի առնելով այս ամենը, որոշեցինք տպագրել երգչուհու հարցազրույցը, որը նույնքան արդիական է. կարծես տարիների բացակայությունից  հետո երգչուհին նույնը կասի:

 

 

Արթուր Գրիգորյանը`

Անահիտ Մանուկյանի  մասին

 

Անահիտ Մանուկյանի մասին  իր  սերնդակից  ընկեր երգիչներից հնարավորինս մանրամասն տեղեկություններ ստանալն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ երգչուհին տարիների բացակայության  ընթացքում աշխատել է հնարավորինս հեռու մնալ ամենքից: Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը թերևս միակն է, ով կարող էր ոչ միայն պատմել Անահիտի մասին, այլև որոշակի տեղեկություններ հաղորդել:

 

- Անահիտ Մանուկյանը 17 տարեկանում եկավ ինձ մոտ սովորելու: Այն ժամանակ մեր ստուդիան կոչվում էր Էստրադային, որը գործում էր Ֆիլհարմոնիային կից: Նա շատ վառ և ընդգծված անհատականություն էր. լավ ձայն ուներ ու, բառիս լավ իմաստով, մի քիչ խելառ էր. նրան «առողջ գիժ» էի ասում: Ազնիվ ու համարձակ էր, ամենակարևորը` վուլգար չէր, ինչն այսօրվա էստրադայում շատ է: Նա Բարբարա Սթրեյզանդի նման երգչուհի էր և շատ էր երգում նրա երգերը: Անահիտն ավարտել էր նաև թատերական ինստիտուտը. երգչուհի-դերասանուհի էր: Նրա նման երգչուհիներ քիչ են ծնվում: Նա այն երգչուհիներից չէ, ով վարժություններով է սովորել երգել: Նրա բնությունը շատ հզոր էր, իսկ այսօր  բնությունը մի քիչ ժլատ է այդ հարցում:

Անահիտն ամեն ինչից  կարող էր նեղանալ. Նույնիսկ  մի  փոքր հայացքից: Շատ անկանխատեսելի  էր, տարբեր պահերի տարբեր էր: Շատ զգայուն էր. լաց էր լինում, երբ նույնիսկ  ինչ-որ մեկը  լավ էր երգում: Շատ բաց մարդ էր. նրա բացասական կողմերը նույնպես ակնհայտ էին:

Ինչ վերաբերում է Հայաստանը  լքելուն` գուցե  մի տարիք է գալիս, երբ հասկանում ես, որ այստեղ  այլևս  անելիք չունես: Մինչ Հայաստանից հեռանալը վերջին տարիներին նա ակումբներում   էր  երգում, իսկ  դա նման երգչուհու համար բավականին դժվար է. մեծ բեմեր տեսած երգչուհու համար, իհարկե, ծանր է  հասնել ակումբային կարգավիճակի: Երգի այս ժանրը  թույլ  չի տալիս երկար մնալ ասպարեզում, իսկ  խելացի կատարողները թույլ չեն տալիս, որ հանդիսատեսը բեմի վրա տեսնի իրենց հանգչելու ընթացքը: Չնայած` չեմ կարծում, որ Անահիտը հանգել էր: Ինձ թվում էր, որ նա գնում է Հոլանդիա` վերադառնալու նպատակով, որովհետև նրա մայրը, եղբայրը և քույրն այնտեղ էին: Գուցե նրա համար այնտեղ ավելի լավ է: Կարծեմ այնտեղ էլ է ակումբում երգում. այնուամենայնիվ, շատ լավ է, որ շարունակում է երգել:


«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ







Դիտումներ` 12912

Սեղմեք Like և ստացեք վերջին նորությունները մեր ֆեյսբուքյան էջից