«Ալերգիա» ալերգիաներից

24-02-2013

Առավոտյան նայելով հայելու մեջ` սարսափում ես քո տեսքից: Չնայած դրսում արևոտ ու գարնանային օր է, սակայն քեզ մոտ տրամադրության անկում է. դարձյալ ալերգիաներ, ինչո՞ւ հենց ես, ե՞րբ կկարողանամ ազատվել դրանցից… Հարցերի անվերջանալի շարան: Բայց մի´ շտապիր նյարդայնանալ: Դա պարզապես ալերգիա է, որը սեզոնային բնույթ է կրում, և աշխարհում շատերն են քեզ նման տառապում դրանցից: Վիճակագրական տվյալների համաձայն` մեր հանրապետության բնակչության շուրջ 45 %-ը տառապում է ալերգիկ հիվանդություններից, որոնք սրվում են հատկապես գարնանն ու աշնանը:

 

 

Բացի եղանակային փոփոխություններից, մասնագետների պնդմամբ, ալերգիկ երևույթների պատճառ են դառնում նաև սննդամթերքը, դեղորայքը, ոչ ճիշտ ընտրված զգեստը, բիժուտերիան և այն ամենը, ինչ կապված է մարդու մաշկի հետ: Առանձնացնենք սեզոնային ալերգիաները, որոնք սկսվում են ավելի վաղ` գարնան բացվելուն պես և կարող են շարունակվել մինչև ուշ աշուն: Ալերգոլոգ Աննա Օհանյանը նշում է, որ այն կարող է արտահայտվել դերմատիտով` մաշկային բորբոքումներով և բրոնխիալ ասթմայով, նաև` մաշկի չորությամբ, առաջանում են ցանային երևույթներ, քթի փակվածություն, աչքերի քոր, արցունքահոսություն: Բրոնխիալ ասթմայի դեպքում ի հայտ են գալիս այլ ախտանիշեր` հազ, շնչարգելություն: ՙԱլերգիան բավականին լուրջ խնդիր է, և տարեցտարի ալերգիկ հիվանդների թիվն աճում է՚,- տեղեկացրեց ալերգոլոգը: Արտասահմանյան վիճակագրությունը փաստում է, որ ալերգիկ հիվանդություններն ավելի շատ նկատվում են կանանց մոտ: Ալերգիկ այս երևույթների պատճառը մեկն է` ծաղկափոշին: Ալերգոլոգ Աննա Օհանյանի հավաստմամբ` ալերգիկ հիվանդությունների կանխարգելման համար տվյալ հիվանդը նախ պետք է հետազոտվի, իսկ ձմռան ամիսներին ստանա իրեն բնորոշ բուժում: Ալերգիկ հիվանդությունը կարելի է բուժել ինչպես դեղորայքով (մասնագետը խորհուրդ է տալիս միայն բժշկի նշանակմամբ), այնպես էլ ծովափնյա հանգստով: Ալերգոլոգն ասաց, որ իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հիվանդները փորձել են տնային պայմաններում իրենց բուժել, բայց դա ոչ միշտ է արդարացնում նպատակը: Նման պարագայում նախ պետք է դիմել բժշկին պատճառը հետազոտելու համար, այնուհետև ստանալ համապատասխան բուժում:

Որևէ մեկի մոտ ցրտից առաջացած ալերգիան այլևս զարմանք չի հարուցում: Սակայն հաճախ մենք այդ երևույթները շփոթում ենք մրսածության հետ:

Ցրտից առաջացած

ալերգիկ երևույթներն են`

Կեղծ, ալերգիկ քթաըմպանաբորբ. երբ հարբուխ է սկսվում կամ էլ գրիպին բնորոշ փակվում է քիթը

Կեղծ, ալերգիկ կոնյուկտիվիտ. բնորոշ է արցունքակալումը, կոպերի կարմրությունն ու լույսի նկատմամբ գերզգայնությունը

Օդերևութաբանական հեյլիտ. բորբոքվում է շրթունքների եզրաշերտը, թեփոտվում է ու չորանում

Ցրտային միգրեն` քամուց կարծես «պայթում են» ճակատն ու քունքերը: Առաջանում է գլխացավ, որը տաքությունից անցնում է

Ցրտի նկատմամբ ամենատարածված մաշկային հակազդեցությունը ցրտային եղնջատենդն է: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ այս ալերգիայից ավելի հաճախ տառապում են կանայք` 70%:

 

 

Ալերգիաների դեմ բուժումը լինում է հիմնականում դեղորայքային եղանակով, բայց կան նաև այնպիսի եղանակներ, որոնց միջոցով հնարավոր է այն փոքր-ինչ կանխել: Ալերգոլոգ Աննա Օհանյանը նշում է, որ եթե հիվանդի ալերգիան արևից է, ապա պետք է խուսափի անմիջական ճառագայթներից: Իսկ եթե ալերգիայի պատճառով առաջացել է քթի փակվածություն, օգնում են ջրով պրոցեդուրաները. հարկավոր է ջուրը մեկ քթանցքով ներքաշել, քիթ-կոկորդով անցկացնել ու թափել: Ջուրը մաքրում է ալերգիկ բակտերիաները:

Մասնագետները նշում են, որ ալերգիաներն ավելի հաճախ նկատվում են երիտասարդների ու երեխաների մոտ: Այդ տարիքում մարդու օրգանիզմն ավելի է հակված ալերգենով վարակվելուն, բայց դա չի նշանակում, որ մեծահասակների մոտ այն ընդհանրապես չի լինում:

Ալերգիաների սրացմանը նպաստում է նաև օդի աղտոտվածությունը: Քիմիական գործարանների արտանետած թունավոր նյութերը, փոշին առաջացնում են ալերգիաներ, որոնք կապ չունեն սեզոնային ալերգիաների հետ և կարող են դրսևորվել տարբեր ձևերով. յուրաքանչյուրի մոտ` անհատական:

Ամեն դեպքում պետք չէ հուսահատվել. միայն պետք է հիշես, որ ալեգիաները կարելի է բուժել, եթե նախապես պարզես պատճառները:


«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ







Դիտումներ` 4275

Սեղմեք Like և ստացեք վերջին նորությունները մեր ֆեյսբուքյան էջից